ՌԱԴԻՈ

Բադալյան. «Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները PR քայլեր են»

Կողմերից յուրաքանչյուրը հույս ունի` Մինսկի խմբի համանախագահները ճնշում կգործադրեն հակառակ կողմի վրա, և իրենց համար ցանկալի լուծում կստացվի։ Սա չաշխատող գործընթաց է։
Sputnik
Բադալյան. «Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները PR քայլեր են»

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում  կայանալիք ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքներով հայտարարություններին։

«Կարևոր չէ հանդիպումը Վաշինգտոնում կկայանա, Փարիզում, թե Մոսկվայում, կամ ում նախաձեռնությունն է, կարևորն այն, թե երեք կողմը պատրաստ են արդյո՞ք փոխզիջումների արդյունքում ինչ-որ մի հայտարարի գալու»,-ասել է Բադալյանը։

Բաքվում պարզաբանել են, որ դեպքում են պատրաստ Հայաստանի հետ բանակցել

Ըստ քաղտեխնոլոգի՝  այս պահի դրությամբ դա տեսանելի չէ և դեռ երկար ժամանակ տեսանելի չի լինի։   

Բադալյանի կարծիքով՝ ասպիսի փոխադարձ մեղադրանքներն ու հայտարարությունները PR քայլեր են, իսկ կարևորը բազային հարցն է, որ կողմերը այս կամ այն հանգամանքից ելնելով չեն գնում այն զիջմանը, որ կցանկանար հակառակ կողմը։ Եվ ամեն անգամ կոշտ հայտարարություններով  հակառակ կողմին մեղադրում են, որ իր պատճառով է, որ հարցը չի լուծվում։

Հիշեցնենք, որ  հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Հայաստանի արտգործնախարարությունը  բավական կոշտ հայտարարություն տարածեց ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք  պատճառ դարձան մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրեցին  շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, հանդիպմանն ընդառաջ ձևավորել են ոչ նպաստավոր միջավայր։