ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ԵԿՄ վարչության նախագահ, ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանն այսօր` ՔՊ 5–րդ համագումարի ժամանակ նախորդ իշխանություններին զգուշացրեց, որ սսկվեն։
Միքայելյանը հիշեցրեց, որ նրանց իշխանության օրոք է եղել Մարտի 1–ը և Հոկտեմբերի 27–ը, որոնց պատասխանատուն հենց նրանք են։
«Այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք ողջամիտ դատող ժողովրդին։ Իշխանության գալով ու ձեր լոլոներով ժողովրդին թալանելով` ուզում եք հիմա էլ վերակենդանանա՞լ։ Էդ ի՞նչ ջիգյար եք կերել։ Ի սեր Աստծո, սսկվեք խաղաղությամբ, դարձեք ճգնավոր ու մեղքերի թողություն խնդրեք, եթե, իհարկե, ձեզ կների Աստված»,–ասաց նա։
Միքայելյանը նախորդ իշխանությանը ևս մեկ անգամ զգուշացրեց` ասելով, որ մեր ժողովուրդը խելոք է և լավ հիշողություն ունի, այնպես որ վերակենդանացման ջանքերն իզուր են։
Հիշեցնենք, որ ՔՊԿ համաժողովն այսօր ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։