ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ակնարկեց այն մասին, որ արդարադատության` օրերս հրաժարական ներկայացրած նախարար Արտակ Զեյնալյանը հնարավոր է մեկ այլ պաշտոնի անցնի։
«Ես Զեյնալյանին համարում եմ իմ լավ ընկերը, մեր բարեկամը, մեզ հետ քաղաքացիական ճանապարհ անցած մարդ: Կարծում եմ՝ վաղ է խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումից: Նրան կարող է և նոր առաջարկ լինել: Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ին»,–ասաց Միրզոյանը։
Հարցին, թե ո՞րն էր Զեյնալյանի հրաժարականի պատճառը, արդյո՞ք նա ձախողել է արդարադատության համակարգի բարեփոխումների ծրագիրը, Միրզոյանը պատասխանեց, որ նման գնահատական չի տա. «Այնուամենայնիվ, գուցե կային այլ ակնկալիքներ, այդ թվում` արագության և ուղղության մասին»։
Անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի ընտրությւոններին ու հնարավոր թեկնածուներին` Միևզոյանը նշեց, որ եթե իրեն ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված է ինքնաբացարկ հայտնել։
Էդ ի՞նչ ջիգյար եք կերել, սսկվեք. Սասուն Միքայելյանը զգուշացրեց նախորդ իշխանությանը
Հիշեցնենք, որ ՔՊԿ համաժողովն այսօր ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։