ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Վերնիսաժի հարակից զբոսայգում անսովոր մարդաշատ է, ոչ մի անցորդ անտարբեր չի անցնում. հայկական ավանդական երաժշտությունն ու անուշաբույր կերակուրների բույրը կանչում են «դեպքի վայր»: Գունեղ, համով-հոտով զատկական ուտեստներ ներկայացնող տաղավարի առջևում մի քանի աղջիկ շուրջպար են բռնել, մյուսները ձվախաղով են տարված, իսկ Սոֆյա մայրիկը երկանք է պտտում ու պատմում, թե հնում որքան սիրված էր այդ խաղը, և թե ինչպես էր ամեն աղջիկ սրտի թրթիռով սպասում, որ ձուն հենց իր ոտքի մոտ հասնի, որովհետև նշանակում էր՝ «մուրազը» կատարվելու է:
Իսկ Օձունից այստեղ հասած Սուսաննա Հովասափյանն էլ ցուցադրում է տոնի ամենամեծ գաթան ու պատմում, որ Օձունում ում տանը հաց է թխվում, ավանդաբար հացի վերջում հերթը գաթային է հասնում:
Արդեն 11-րդ անգամ Երևանում անցկացվում է հայկական տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս տարիների ընթացքում այն մի քանի անգամ վերաբրենդավորվեց՝ «Հաց լեռներում»-ից դարձավ «Համով-հոտով Երևան», իսկ այս տարի արդեն՝ «Ուտեստ ֆեստ»: Անունը փոխվում է, իսկ նպատակն ու բովանդակությունը նույնն են՝ ներկայացնել մեր ժողովրդի ազգային խոհարարական գանձարանի ուտեստներն ու թույլ չտալ, որ դրանք մոռացվեն:
«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ իրենց կազմակերպած բազմաթիվ փառատոների շարքում այս մեկն ամենակարևորն է, որովհետև ներկայացվող տոնածիսական կերակրատեսակները հենց մեր ազգային խոհանոցի հիմքն են, այսինքն՝ ամեն ինչի սկիզբը: Ծիսական կերակուրները պարզապես ուտելիք չեն, դրանք կերակուր-աղոթքներ են՝ ուղղված որևէ մի սպասելիքի իրականացմանը, օրինակ` որպեսզի տարին բարեբեր լինի, խաղաղություն լինի և այլն:
«Այս ուտեստները մեր ազգի կենցաղավարության ձևն են ցույց տալիս, մեր ազգի աշխարհընկալման, բնավորության և ընդհանրապես մեր տեսակի մասին են պատմում»,- ասում նա:
Մամուլյանի խոսքով՝ այս տարի փառատոնը վերանվանվեց «Ուտեստ ֆեստ» քաղաքապետարանի մասնագետների խորհրդով, որպեսզի անվանումն ավելի հասկանալի լինի զբոսաշրջիկի համար:
Փառատոնում ներկայացված են հայկական ավանդական տոները՝ իրենց ծիսական կերակուրներով:
Համով Հայաստան. այսպիսի տոլմա չեք համտեսել. ավանդական ուտեստը ոչ ավանդական բաղադրատոմսով
«Այս տարի փառատոնն առանձնանում է նրանով, որ նաև առանձին անվանակարգեր են սահմանվել՝ «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենահամեղ տաղավար», «2019-ի լավագույն ուտեստ». հաղթողներին կընտրի ժյուրին: Ընտրության հարցում ներգրավում ենք նաև անցորդ տուրիստներին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Նրա կարծիքով՝ նման միջոցառումները նպաստում են, որ Երևանում զարգանա իրադարձային զբոսաշրջության ճյուղերից մեկը՝ գաստրոտուրիզմը:
Այն, որ այս ճյուղը զարգանում է, հասկանում ես փառատոնի տարածքում շրջելիս. յուրաքանչյուր տաղավարի մոտ մի քանի տասնյակ տեղացիների կողքին անպայման օտարերկրացիներ են, որոնք ոչ միայն համտեսում են իրենց համար անծանոթ համեղ կերակուրները, այլև մանրամասն հարցուփորձ անում դրանց մասին: