Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. ի՞նչ վիճակում է նա

Վերակենդանացման բաժանմունքից մեկ այլ բուժկենտրոն տեղափոխված Մանվել Գրիգորյանին դեռ հետազոտում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունին:

«Դեռ ոչ բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտություններն են արվել առողջական վիճակն ամբողջովին հասկանալու համար, սակայն այս պահին նա հիվանդասենյակում է, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– ասաց նա:

Ավելի տեղեկացրել էինք, որ Գրիգորյանի վիճակը «Դատապարտյալների հիվանդանոցում» կտրուկ վատացել էր, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել էր, որ Գրիգորյանի մատ առողջական բացասական դինամիկա է նկատվում, և բազմաթիվ հիվանդություններին ավելացել են ևս երեքը։

Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան. 24News. տեսանյութ

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգել։ Այն կկայանա հունիսի 17–ին, 16։30–ին։ Այդ օրը հետաձգվեց նաև Մանվել Գրիգորյանի և նույն գործով ամբաստանյալ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը, քանի որ Գրիգորյանը ներկա չէր դրան։

Օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ–ի հունիսի 19-ին։