Կրակել են Իջևանի Լուսահովիտ գյուղի 35-ամյա գյուղապետի վրա. վիճակը ծանր է

Վիրավոր գյուղապետը միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը ծանր է, բայց անգիտակից չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 35 տարեկան գյուղապետ Գրիգոր Սարհատյանին վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոն մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:

«Վիրահատվել է, հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, աջ ազդրի վնասվածքով է եղել, հիմա արհեստական շնչառական սարքին է միացված, վիճակը գնահատվում է ծանր, բայց գիտակցություն ունի»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ տեղեկությունների երեկ՝ հունիսի 14-ին, 22։20-ի սահմանում Սարհատյանն «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք՝ տեղաշարժով, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց։

Ըստ shamshyan.com-ի` Սարհատյանը հրազենային վնասվածքը ստացել է Իջևան քաղաքի Անկախության 2ա հասցեում, որտեղից իրավապահները հայտնաբերել են որսորդական հրացանից արձակված կրակոցի և արնանման հետքեր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ լուրերի՝ դեպքից առաջ Սարհատյանն ընկերների հետ խնջույքի է մասնակցել Ենոքավանում։