Խմբակային ծեծկռտուք և դանակահարություն Երևանի փաբերից մեկում. կան վիրավորներ

Հիվանդանոց են տեղափոխել 2 երիտասարդի, որոնցից մեկը լուրջ վնասվածք ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևանի կենտրոնում՝ Կողբացի փողոցում գտնվող «Բակ 75» փաբում, այս գիշեր խմբակային ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդների միջև վեճ է ծագել, որն ավարտվել է խմբակային ծեծկռտուքով։

Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Ծեծկռտուքի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը դանակահարել է մյուսին։ Դեպքի վայրից ոչ հեռու ծառայություն իրականացնող ոստիկանները, լսելով աղմուկը, ներս են մտել և ծեծկռտուքի մասնակից երիտասարդներին ձեռնաշղթաներով տարել ոստիկանական բաժանմունք։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել երկու երիտասարդի, որոնցից մեկը 20 տարեկան է։ Նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի և քներակի հատվածում: Այս պահին երիտասարդը բժիշկների հսկողության տակ է: Մյուս երիտասարդի ձեռքն է վնասված:

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։