ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Իրավապահ մարմինները Մոսկվայում կալանավորել են ծխախոտի նախկին մատակարար, Optima Development ընկերության 57-ամյա սեփականատեր Ալբերտ Խուդոյանին, որը մեղադրվում է 10 միլիոն դոլարի խարդախության մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ռուսաստանի ամենահաջողակ գործարարներից մեկին երեք հողատարածք յուրացնելու մեղադրանք է ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ Խուդոյանը մեղքը չի ընդունում, իսկ իրավական երկրում նման հետապնդումը պարզապես անթույլատրելի է համարում։ Պաշտպանն ասել է, որ գործը նախաձեռնել են այլ անձանց բիզնես շահերից ելնելով՝ իր պաշտպանյալից Optima Development հաջողակ ընկերությունը խլելու համար։
Նա նշել է նաև այն անձանց անունները, որոնց շահերից է բխում գործարարի հետապնդումը` Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիև և միլիոնատեր Սերգեյ Գովյադին, որոնք վատ համբավ ունեն ու ներգրավված են եղել քրեական այլ գործերում, իսկ այժմ պարզապես ուզում են «յուրացնել ուրիշի ունեցվածքը»։
Դատարանը հունիսի 15-ին կորոշի, թե Խուդոյանի հանդեպ ինչ խափանման միջոց է կիրառվելու։
Անթերի համբավ ունեցող հաջողակ գործարարի կալանքը, ռուսական լրատվամիջոցների խոսքով, ապշեցրել է Մոսկվայի գործարար շրջանակին։ Optima Development ընկերությունն անշարժ գույքի ոլորտում տարբեր բարձրակարգ նախագծեր է իրականացնում, որոնք պարբերաբար մրցանակներ են ստանում։
Armlink տելեգրամ ալիքի տվյալով՝ նախկինում ծխախոտի գործով զբաղվող, իսկ այժմ Ռուսաստանի շինարարական «արքա» Ալբերտ Խուդոյանն ու նրա երիտասարդ մոդել կինը հանրային բուռն կյանքով են ապրել։ Աննա (Խուդոյան) Լապինան հաճույքով է հարցազրույցներ տվել՝ խոսելով հարուստ ամուսնու, երկու փոքր երեխաների ու նորաձևության ցուցադրությունների մասին։
Կինը ընտանեկան հանգստի վառ լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում։ «Այժմ Աննան վախեցած է․ ամբողջ հեքիաթային կյանքը փոշու վերածվելու վտանգի տակ է», - գրում է տելեգրամ ալիքը։