Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է հրավիրվել

Հարցաքննության հրավիրելու վերաբերյալ համապատասխան գրությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի- Sputnik. Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Հարցաքննության հրավիրելու վերաբերյալ համապատասխան գրությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողով»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը չէր ներկայացել Քննչական կոմիտեի հարցաքննությանը, ավելին` ծանուցումն առձեռն ստանալուց հետո նա պատռել էր թուղթը:

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

Ծառուկյանը հարցաքննության է հրավիրվում Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում: Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

2019 թվականի հունիսի 8-ին, ժամը 04-ի սահմանում անհայտ անձը հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: