Արթուր Վանեցյանն ասել է` ինչից է ինքն ամաչում

ԱԱԾ ղեկավարը կարծում է, որ տեխնիկայի զարգացման պարագայում գաղտնալսման դեպքերը պարզապես անհնար է բացառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ ամաչում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Միքայելյանի հետ խոսակցության գաղտնալսման փաստից։ Այս մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ, եւ ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում և ամաչում եմ գաղտնալսման փաստից։ Բայց եթե օբյեկտիվ և սթափ նայենք այդ ամենին, տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։ Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած վերջացրած մյուսներով՝ նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, և մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերն այսուհետ բացառենք»,- ասել է Վանեցյանը։

Նա նշել է, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, քանի որ այն նաև իրեն է վերաբերում. Վանեցյանը փորձում է զերծ մնալ գործի դետալներին տեղեկանալուց։

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին համացանցում հայտնվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը բուռն քննարկման թեմա դարձավ։