ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ընտանիքում ծագած վեճից հետո 37-ամյա տղամարդը դանակահարել է ինքն իրեն՝ հարված հասցնելով կրծքավանդակի շրջանում: Բժիշկներին հաջողվել է փրկել երեկ Կոտայքի մարզի Քասախ գյուղից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու կյանքը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հենց իր տնից: Տեղի ունեցածի վերաբերյալ Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, պարզվել է, որ նրան ոչ թե դանակահարել են, այլ ինքն է դանակով հարված հասցրել կրծքավանդակի հատվածում՝ կյանքին վերջ տալու նպատակով: Տղամարդն ամուսնացած է և ունի անչափահաս երեխաներ:
Անհաշտ է կնոջ հետ, նրա նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցված կնոջը դաժան ծեծի ենթարկելու փաստով:
Հերթական ընտանեկան միջադեպից հետո էլ դստեր ներկայությամբ դանակով հարվածել է ինքն իրեն: Աղջիկը սկսել է բղավել, օգնության հասած հարևանները տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել և ահազանգել 1-03: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: