ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Համացանցում հեռարձակվող հայկական «Լույս ТV» հեռուստաալիքը եթեր չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ալիքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Շահնուր Ղազանչին` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները։
Նա հայտնեց, որ ալիքն անցել է 14 ժամանոց աշխատանքի։
Հարցին` ինչու՞ «Լույս ТV»–ն հեռուստատեսությամբ չի հեռարձակվում, Ղազանչին ասաց, որ համացանցային հեռարձակման այս ժամանակաշրջանում իրենք հեռուստաեթեր մտնելու իմաստ չեն տեսնում։
Հայկական հեռուստաալիքը գործարկվել է 2019 թվականի հունվարի 6–ին։ «Լույս» անվանումն այն ստացել է համանուն թերթից, որը թողարկվում է Թուրքիայում՝ հայերենով։ Առաջին անգամ դրանով հեռարձակվել է Ստամբուլի հայկական եկեղեցում նշվող Սուրբ Ծննդյան արարողությունը։
«Մենք Էրդողանի անունից նամակ ենք ստացել, որում նշվում էր, որ Թուրքիայի իշխանությունը ողջունում է մեր նախաձեռնությունը։ Նորությունների բլոկից բացի (որը հեռարձակվում է օրը երեք անգամ հայերենով ու թուրքերենով) նաև երեխաների համար անիմացիոն ֆիլմեր են հեռարձակվում», – ասաց Ղազանչին։
Շաբաթը մեկ նա հեռուստաալիքով ամփոփիչ հաղորդում է վարում։ Նրան հյուրընկալվում են թուրք քաղաքական գործիչներ, հայ գործիչներ։ Թիմում 20 մարդ է աշխատում ու բոլորն ազգությամբ հայ են։
Հեռուստաընկերությունը լուսաբանում է նաև հայ համայնքի համար նշանակի իրադարձություններն ու տարբեր միջոցառումներ է հեռարձակում։ Ղազանչին պատրաստվում է հեռուստատեսության կից դպրոց բացել երիտասարդ կադրերին ուսուցանելու համար։ Դպրոց ընդունելու են բոլոր ցանկացողներին՝ անկախ ազգությունից։
Հիշեցնենք` հայկական համայնքը հիմնականում կենտրոնացած է Ստամբուլում։ ХХ դարի 50–ականներին մեկուկեսմիլիոնանոց քաղաքում մոտ 150 հազար հայ էր բնակվում։ Այսօր 20 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում մոտ հազար հույն, 20 հազար հրեա ու 40 հազար հայ է մնացել։