Կենդանաբանական այգու հետ կապված պայքարը շարունակվում է. Խաչատրյանը խուսափել է հանդիպումից

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների խոսքով` 8 տարվա ընթացքում այգու` 100–ից ավել աշխատակից է ազատվել աշխատանքից, կամ էլ ստեղծվել են պայմաններ, որ նրանք ինքնակամ են ազատման դիմում գրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այգու շուրջ պտտվող և չավարտվող պատմությունների վերաբերյալ գրություն են ուղարկել ԱԺ խմբակցություններին. «Բարգավաճ Հայաստանը» հայտնել է բոլոր կողմերի հետ հանդիպում կազմակերպելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։

Կենդանաբանական այգու հետ կապված պայքարը շարունակվում է. Խաչատրյանը խուսափել է հանդիպումից

«Ուշագրավ է այն հանգամանքը, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը։ Կարծում եմ` սա արդեն ինչ-որ բան ասում է»,–նշեց նա

Երևանի կենդանաբանական այգու ակվատերարիումի նախկին ղեկավար, կենդանաբան Կարեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ մեր պետական այրերը պետք է փորձեն հասկանալ` ո՞վ է Ռուբեն Խաչատրյանը, քանի որ այսքան աղմուկից հետո որևէ տեղաշարժ չկա. ուրեմն` նա ինչ-որ հովանավորներ ունի։ Մարտիրոսյանի խոսքով` 8 տարվա ընթացքում այգու` 100–ից ավել աշխատակից է ազատվել աշխատանքից, կամ էլ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանք ինքնակամ ազատման դիմում գրեն։

Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում. պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

«Բացի այդ, Մոսկվայի կենդանաբանական այգուց բերված օձերին այգու տնօրենը դիտմամբ առանձնացրել էր, որպեսզի չբազմանան, քանի որ դա հավելյալ ծախսեր է ենթադրում։ Այդ օձերն այժմ ծեր են ու չեն էլ բազմանա, իսկ Մոսկվայի կենդանաբանական այգին զարմացած է` ինչու չենք բազմացրել նրանց»,–ասաց նա։

«Ջամբո» էկզոպարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի խոսքով էլ` կենդանաբանական այգու խնդիրները բարձրաձայնողները որևէ շահ չունեն, իրենց միայն այգու վիճակն է հետաքրքրում։ Ըստ նրա` իրենց պայքարը կվերջանա, երբ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը կհրաժարվի իր պաշտոնից, և կենդանասեր մի մարդ կնշանակվի տնօրեն։

«Մենք սպասում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի մեր բողոքներին, հակառակ դեպքում` մենք ստորագրահավաք կիրականացնենք Խաչատրյանի դեմ։ Բացի այդ, ես կարծում եմ, որ պետք է բոլոր ՀԿ–ներում ու հիմնադրամներում ստուգումներ անցկացվեն, քանի որ շատ մութ կողմեր կան մի շարք «կենդանասեր» ՀԿ–ների գործունեության մեջ»,–ասաց նա։

Ծառուկյանի առյուծներն ու թափառողները. ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

Վարդանյանը նշեց, որ այսօր պատրաստվում է նաև հաղորդում ներկայացնել ոստիկանություն` բնապահպան Սիլվա Ադամյանին և Econews.am–ին մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Նրա խոսքով` իրեն անհիմն մեղադրում են կենդանիների ապօրինի առուվաճառքի մեջ այն դեպքում, երբ ինքը երբևէ նման գործով չի զբաղվել։

Ի դեպ, մենք կապ հաստատեցինք նաև Ռուբեն Խաչատրյանի հետ ու պարզաբանումներ խնդրեցինք` ներկայացված հարցերի շուրջ։ Սակայն նա ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք, ինչն էլ արել ենք։ Նրա պարզաբանումները ստանալուն պես` կհրապարակենք դրանք։ Պատրաստ ենք նաև հարթակ տրամադրել Խաչատրյանին, ինչի մասին նույնպես տեղեկացրել ենք նրան։