ԵՐԵՎԱՆ, 13 Հունիս — Sputnik.Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նշված է Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքում։
«Խնդրում եմ ընդունել իմ` որպես ԲԴԽ անդամի հրաժարականը։ Միաժամանակ հայտնում եմ, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել ԲԴԽ նիստում սույն հրաժարականի քննարկմանը»,– հայտնել է նա։
Խաչատրյանը նշել է նաև, որ որպես դատավոր շարունակելու է իր հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների ընթացքին Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվել էր նաև Գևորգ Դանիելյանը։
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։
Հայաստանում Ֆուկույամանե՞ր են հայտնվել. ուր է երկրին տանում անցումային արդարադատությունը
Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։