Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական առևտուր չի լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում անսկզբունք կոմպրոմիսները։ Նա այս մասին հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոն տպողներին ու պահանջողներին

«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա… Այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, հիմա նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ո՛չ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Եվ ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է: Փաշինյանն ընդգծել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ Հայաստանի դրոշի ներքո: