Սիրով կհամագործակցեմ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ. Տոնոյան

Նախարարը կարծում է, որ բոլոր այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Եթե հանրային պահանջ կար, ուրեմն պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան քառօրյայի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան

«Եթե հանրությանը կբավարարեն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, արդեն իսկ լավ է։ Բացի այդ, բոլոր այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն», - ասաց նա։

Հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ նման  ուսումնասիրություն արդեն իսկ կա, նախարարությունում է, և կարի՞ք կար նոր ուսումնասիրության` Տոնոյանը պատասխանեց, որ այն մասնագիտական վերլուծություն էր, հանրության համար բաց չէր։ «Այդ ուսումնասիրությունը կտրամադրվի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին»,–ասաց նախարարը։

Նա հավելեց նաև, որ ինքը սիրով համագործակցելու է այդ հանձնաժողովի հետ։

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծումը հակապետական մտածելակերպի արդյունք է. Աշոտյան

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդարձակ ելույթի ընթացքում նշել էր, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է և արդեն սկսել է աշխատանքները։