Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նյուզմեյքերության բնատուր զգացողություն ունի: Թարսի պես, երեկ ոչ մի երթուղային միկրոավտոբուսի ջղային վարորդի ծխելիս ոչ ոք չէր նկարել ու տեսանյութ հրապարակել: Բացը լրացրեց Արարատի մարզպետը՝ իր ու լրահյուսողների սիրելի թեմայի շրջանակներում նորից խոսելով… կոկորդիլոսների մասին:
Sputnik

Բայց սկսենք ավելի բուրումնավետ հարցերից, այսինքն՝ աղբահանության, իսկ պատկերին համահունչ արտահայտվելու դեպքում՝ չաղբահանության վիճակից: Մանավանդ ամառ է, ինքներդ էլ եք հասկանում, իսկ միգուցե նաև ձեր շենքի լցոնված աղբահորաններից այս եղանակային պայմաններում տարածվող գարշահոտից զգում եք, որ վիճակն այնքան էլ բարվոք չէ: Թեպետ պետք է փառք տանք քաղաքային իշխանություններին ու սանիտարական մաքրության կախարդական ոգիներին, որ ձմերուկի սեզոնը դեռ չի սկսվել:

«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են

Ցանկացած պարագայում աղբահանության հետ կապված բոլոր հարցերը գնում ու դեմ են առնում «Սանիթեք» ընկերության վիճակին ու Երևանի քաղաքային իշխանությանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ասաց, որ քաղաքային իշխանությունն իրենից կախված ամեն ինչ արել է, սակայն «Սանիթեքն» այլևս չի կարողանում սպասարկել Երևանը: Ոչ թե չեն ցանկանում, այլ արդեն հնարավորություն չունեն, ըստ որում՝ նաև շարժակազմի վատացած վիճակի պատճառով: Քաղաքային իշխանությունը, հասկանալի է, ինչ-ինչ քայլեր ձեռնարկում է, օրինակ` նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու (խոսքը կարծես ռուսական ԿամԱԶ-ների մասին է), նաև «Սանիթեքին» պարբերաբար տուգանելու ուղղությամբ:

Այսինքն, այնպես չէ, թե քաղաքային իշխանությանն այդ վիճակն ավելի է դուր գալիս, քան ցանկացած բազմաբնակարան շենքում ապրող մարդու: Բայց մյուս կողմից, ընդամենը 2-3 ամիս անց կլրանա արդեն քաղաքային իշխանության արտահերթ «թարմացման» մեկ տարին, մինչդեռ հիմնախնդրի վերածված աղբահանության հարցը դեռ նույն տեղում է:

Նոր ավտոմեքենաների, լրացուցիչ աղբարկղերի ձեռքբերումը և նման այլ քայլերը, այնուամենայնիվ, իրավիճակային լուծումներ են, այսպես ասած՝ «հրշեջային»: Մինչդեռ արդեն վաղուց ժամանակն է, որ քաղաքային իշխանությունը, քաղաքապետը, ավագանին ոչ միայն խոսեն աղբահանության ու աղբահավաքման խնդրի համալիր և ամբողջական լուծման կոնկրետ ծրագրից, այլև այդ ծրագրի իրագործումը պիտի արդեն մի 2-3 ամիս առաջ արդեն մեկնարկած լիներ:

Երևանի քաղաքապետարանը սկսել է «Սանիթեքի» փոխարեն հավաքել աղբը. տեսանյութ

Կարճ ասած՝ գեղեցիկ խոսքերից կամ թեկուզ անհաջող արտահայտություններից կոնկրետ գործերի ու լուծումների անցնելու, աղբահանության խնդրին արմատական լուծում տալու ժամանակն է։ Եվ վաղուց: Թե չէ շուտով աղբը կսկսեն «ծաղկավոր թիթեռնիկի» տեսքով կուտակել:

Բանավոր խոսքի, հաջող ու անհաջող արտահայտությունների մասին: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առնվազն այսօր, մինչ այս պահը մրցակցությունից դուրս է: Երեկ խորհրդարանում լրագրողները նորից կոկորդիլոսաբուծարանի ճակատագրով հետաքրքրվեցին: Ասաց, որ դրա կառուցումն ընթացքի մեջ է: Կարելի էր այդքանով սահմանափակվել:

Սարգսյանը կոկորդիլոսներով լի այգի կբացի երեխաների համար. պարզվեց` կոկորդիլոսն ինչ թռչուն է

Բայց, չէ, այս դեպքում դա, փաստորեն, անկարելի էր: Ասում են՝ կարո՞ղ է, փոշմանել եք, Արարատի մարզպետը պատասխանում է, թե չէ, չի փոշմանել ու ինքն առհասարակ սնահավատ չէ, բայց կոկորդիլոսաբուծության ծրագրին «աչքով տվող» կարող է լինել: Հասկանալի է, էլ ո՞վ կարող է նման ծրագրին «աչքով տալ», եթե ոչ բնապահպանները:

Էկզոտիկ նախագիծ կոյուղաջրո՞ւմ. որտե՞ղ կապրեն ու կբազմանան կոկորդիլոսները

Բայց մի՞թե դա խնդիր է: Կարելի է նույն Աֆրիկայից մոգության մասնագետ կամ կախարդ հրավիրել կամ օրհնած ջրով թեթևակի ցողել ապագա կոկորդիլոսաբուծարանի տարածքը, մարզպետարանի վրա մի մեծ աչքուլունք կախել, վերջապես: Եվ հետո, չէ՞ որ կոկորդիլոսն առաջին անգամ Հայաստանում է ափ ելել: Այսօրվա պես հիշում եմ. հենց համաշխարհային ջրհեղեղի ջրերը սկսեցին կամաց-կամաց հետ քաշվել, Մասիսի գագաթին խարիսխ նետած Տապանից Նոյ նահապետը մի զույգ կոկորդիլոս բաց թողեց, ու դրանք ճախրեցի՜ն… Կոկորդիլոսներից մեկը հետո հետ՝ դեպի տապանը թռավ, երախում՝ մամոնտի տոտիկ, որից Տապանի ժողովուրդը խաշ պատրաստեց:

Իսկ ապագայի տարեգիրները երևի դեռ երկար են մտատանջվելու հանելուկի վրա. այդ կենդանին, ի վերջո, ի՞նչ էր՝ ջրլող սողո՞ւն, թե՞ ափավազ թռչուն: Ու դա արդի հայ իրականության գուցե ամենից կարևոր հարցը չէ, բայց հաստատ, ամենից զվարճալին է:

Որպես ամփոփում. անցեք մաքրության, պարոն Մարության, քանի դեռ Արարատյան դաշտից թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել: