«Իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ չի ներկայացնում Ալիեւը». վարչապետը՝ ԼՂ խնդրի մասին

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է, տեղին չէ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության հարցը կարող է լուծվել Արցախի լիարժեք մասնակցությամբ, այս առումով կա արդյո՞ք Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կարծիքների հակասություն:

Բաքուն ասելիք չունի Փաշինյանին. քաղաքագետն այն մասին, թե ինչու է Արցախում կրկին անհանգիստ

«Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին»,-հավելել է Փաշինյանը:

Նա նաև հիշեցրել է, որ ինքն արդեն առիթ է ունեցել ասելու, որ այն բանակցությունների փաթեթը, որը որպես ժառանգություն ստացել է, փոխանցել է Արցախի իշխանություններին, քանի որ նրանք, ըստ Փաշինյանի, տեղյակ չեն եղել:

«Կարող են տարբերակներ առաջարկել, եթե իմանան, որ բանակցային սեղանի շուրջ հավաքվել է այն մասսան, որը պետք է որ հավաքվեր: Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը: Այն, ինչ խոսվել է, խոսվել է հրապարակային»-մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Հետևել է Արամ Աբրահամյանի այն հարցը, թե եթե Ադրբեջանը չդիմադրի եւ ասի՝ այո, թող Արցախը միանա բանակցային սեղանին, ի՞նչ կլինի հետո:

Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են. Փաշինյան

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետեւ Արցախի նախագահը չեմ եւ Արցախի ժողովրդի կողմից չեմ ընտրվել: Ինչպես ադրբեջանական կողմն է նշում, թե այդ դեպքում ո՞վ է ներկայացնելու Ղարաբաղի, իրենց խոսքերով ասած, ադրբեջանական համայնքի շահերը: Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, առանց բացառության բոլորը, Ադրբեջանի քաղաքացիներ են: Այսօր նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, որը քաղաքական գործընթաց է, այսինքն` ինչպես սիրում է ադրբեջանական կողմն ասել, Ղարաբաղի ադրբեջանական համայնքն ընտրել է իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին, ով ներկայացնում է Ադրբեջանը որպես բանակցող կողմ:

Նորից ասեմ, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ընտրել են իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին որպես բանակցող: Եթե այդ Ադրբեջանի քաղաքացիների անունից չի կարող բանակցել Իլհամ Ալիեւը, նշանակում է՝ գուցե Ադրբեջանու՞մ էլ կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Արդյո՞ք միայն, ինչպես իրենք սիրում են ասել, Արցախի ադրբեջանական համայնքին լիազորություն չունի ներկայացնել Իլհամ Ալիեւը, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ իրավունք չունի ներկայացնել, կամ այլ քաղաքի»,- պատասխանել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ մեզ համար կապ չունի, թե ինչքան մարդու հետ կգա ադրբեջանական պատվիրակությունը, ովքեր կլինեն այդ կազմում, քանի որ դա ադրբեջանական պատվիրակությունն է:

Նիկոլ Փաշինյանը եզրափակել է, որ հայկական կողմում կա Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի պատվիրակություն, Արցախի ներկայացուցիչ ու պատվիրակություն: