Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, նրան անդամահատություն է սպառնում. փաստաբան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե իշխանությունը հիմա որևէ բան չձեռնարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, բացասական դինամիկա է նկատվում, և բազմաթիվ հիվանդություններին ևս երեքն են ավելացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Մանվել Գրիգորյանը 16-17 ժամ ինսուլին է ստանում. նա դեռ վերակենդանացման բաժնում է. պաշտպան

«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ բժիշկների կոնսիլիում էր հրավիրվել, որում ընդգրկվել էին առողջապահության նախարարության և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մասնագետները։ Նրանց եզրակացության մեջ ասվում է, որ առկա 30 հիվանդություններին, որի մի մասը Գրիգորյանը ձեռք է բերել կալանավորումից հետո, ևս երեքն էլ ավելացել են», – ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանը չճշգրտեց, թե կոնկրետ ինչ հիվանդությունների մասին է խոսքը` ընդգծելով, որ դրա իրավասությունը չունի։

Սակայն, նրա խոսքով, գուցե ստիպված լինեն անդամահատել Գրիգորյանի վերջույթը կամ վերջույթները։

Բաղդասարյանը զայրույթով խոսեց որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների կապակցությամբ, որոնք պնդում են, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» Գրիգորյանի խնամքի համար բոլոր պայմանները կան։

«Այժմ շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Եթե իշխանությունը հիմա էլ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյային սուտ հայտարարությունների համար պատասխանատվության չենթարկի, ապա կնշանակի, որ Գրիգորյանի հետ ուզում են հաշվեհարդար տեսնել, և այդ ամենն արվում է դիտավորյալ», – ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կալանավորման պահին Գրիգորյանն ընդամենը 4 հիվանդություն ուներ, և նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ, իսկ մեկ տարի անց դրանց թիվը հասավ 33-ի։

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել

Բաղդասարյանը դիմեց ՀՀ իշխանություններին, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով պատժել օրինախախտ մարդկանց` սպառնալով հակառակ դեպքում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ՄԻԵԴ–ը որոշել էր Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգել։ Այն կկայանա հունիսի 17–ին, 16։30–ին։ Այդ օրը հետաձգվեց նաև Մանվել Գրիգորյանի և նույն գործով ամբաստանյալ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը, քանի որ Գրիգորյանը ներկա չէր դրան։

Օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Մարդու իրավունքների պաշտպանը Մանվել Գրիգորյանի հարցով նամակ է ուղղել նախարարին

Գրիգորյանի վիճակը «Դատապարտյալների հիվանդանոցում» կտրուկ վատացել էր, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ–ի հունիսի 19-ին։