ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik.Սյունիքի մարզում խոզերի անկման պատճառը եղել է ոչ թե աֆրիկյան ժանտախտը, այլ, ամենայն հավանականությամբ, վարակված կերը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք` Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել, որոնց մոտ աֆրիկյան ժանտախտի ախտանշաններ են նկատվել։
«Փորձաքննությունը չի հաստատել անկած կենդանիների մոտ աֆրիկյան ժանտախտի վիրուսի առկայությունը։ Դրանք անաէրոբ վարակներ էին, ինչպես նաև սալմոնելոզ։ Ամենայն հավանականությամբ, վարակումը տեղի է ունեցել կերի միջոցով», – ասաց նա։
Հարությունյանը անասնաբուծական տնտեսություններին խորհուրդ տվեց միայն որակյալ կեր տալ կենդանիներին, ինչպես նաև ցրեց խանութներում վարակված միս հայտնվելու մտավախությունները. նրա խոսքով` հիվանդ կենդանիները սատկել են մինչև մորթը, այնպես որ միսը հաստատ չի հասել խանութներ ու վաճառակետեր։
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը պաշտոնապես գրանցվել է 2011թ–ին։ Դրանից հետո որևէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեև խոզերի անկման դեպքեր` այլ վարակիչ հիվանդություններից, գրանցվել են. անցյալ տարի` Տավուշի մարզում, այս տարի` Սյունիքում։