Չինական 4 ընկերություն արդեն փորձարկում են Huawei-ի նոր օպերացիոն համակարգը

Չինական ընկերություններից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ HongMeng օպերացիոն համակարգը 60%-ով արագ է Android-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik.Huawei-ն ինտենսիվ կերպով սկսել է իր նոր օպերացիոն համակարգի թեստավորումը. HongMeng օպերացիոն համակարգի փորձարկմանն են միացել նաև Tencent, Xiaomi, Oppo և Vivo չինական ընկերությունները։ Այս մասին հայտնում է China's Global Times–ը` հղում անելով նշված ընկերություններից մեկի աշխատակցին:

Samsung-ը գրոհի է անցել Huawei-ի դեմ. «կորեացին» առաջարկում է փոխանակել «չինացուն»

Աղբյուրը հայտնել է, որ HongMeng-ն Android-ից 60 տոկոսով արագ է աշխատում, բայց հրաժարվել է այլ մեկնաբանություններից։

Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ արտադրողներն «Android-ի չինական տարբերակը» որպես իրենց սմարթֆոնների օպերացիոն համակարգ օգտագործելու են, թե ոչ:

Ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ նոր համակարգը մոտակա ամիսների ընթացքում կթողարկվի Չինաստանում, իսկ համաշխարհային շուկայում կհայտնվի միայն 2020 թվականին:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն «սև ցուցակում» էր ընդգրկել Huawei ընկերությանն ու նրա 70 դուստր ընկերություններին` հայտարարելով, որ կանխում է ամերիկյան տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումը, որը կարող է վնասել ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը կամ ազգային անվտանգությունը (Huawei–ին արդեն մի քանի անգամ մեղադրել են չինական կառավարության օգտին լրտեսելու համար): Դրանից հետո Google–ն ու մի շարք ընկերություններ հայտարարել էին, որ այլևս չեն համագործակցելու չինական ընկերության հետ։

Google-ի հետ աշխատանքի դադարեցումը չինական ընկերությանը զրկեց Android–ով աշխատող սմարթֆոններ թողարկել, և Huawei-ը ստիպված սկսեց ավելի ինտենսիվ զբաղվել սեփական օպերացիոն համակարգը ստեղծելու աշխատանքով։