ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով ծափահարել արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին։
Ի դեպ, Արտակ Զեյնալյանը նիստին ներկա չէր։
«Ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ–ում պետության կառավարման և պետության հետագա զարգացման եւ շինարարության գործում»,–ասաց վարչապետը։ Փաշինյանն առաջարկեց ներդնել այս ավանդույթը և գործընկերներին ծափահարություններով ճանապարհել։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։