Արման Թաթոյանը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է ընտրվել

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակություններն օգտվում են ազատազրկման վայրեր անսահմանափակ այցելելու և նման վայրերում անարգել տեղաշարժվելու իրավունքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 hունիսi — Sputnik.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանից։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի Facebook–յան էջում։

«Ուզում եմ սիրով տեղեկացնել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հունիսի 12-ի նիստում քվեարկությամբ ընտրվել եմ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանից»,–նշված է գրառման մեջ։

Նշենք, որ ԽԿԿ-ն այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր` գնահատելու համար ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Այդ վայրերը ներառում են բանտերը, անչափահասների կալանքի կենտրոնները, ոստիկանական տեղամասերը, օտարերկրացիներին պահելու կենտրոնները, հոգեբուժարանները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները և այլն:

Թաթոյանը չհայտարարված այց է կատարել ՔԿՀ–ներ, զրուցել ազատազրկված անձանց հետ

ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատազրկման վայրեր անսահմանափակ այցելության և նման վայրերում անարգել տեղաշարժվելու իրավունքից: Նրանք կարող են առանց վկաների զրուցել ազատազրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, ով կարող է տեղեկատվություն տրամադրել:

ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր

Յուրաքանչյուր այցելությունից հետո ԽԿԿ-ն մանրամասն զեկույց է ներկայացնում տվյալ պետությանը: Այս զեկույցը ներառում է ԽԿԿ-ի եզրակացությունները և նրա հանձնարարականները, մեկնաբանություններն ու տեղեկատվություն ստանալու խնդրանքները: ԽԿԿ-ն խնդրում է նաև հանգամանալից պատասխան տալ իր զեկույցում բարձրացված հարցերին: Այս զեկույցներն ու պատասխանները շահագրգիռ պետությունների հետ ընթացող երկխոսության մասն են կազմում:

ԽԿԿ-ն առանձնապես կարևորում է երկու հանգամանք. առաջինը` այն գործում է ողջ Եվրոպայում, երկրորդ` այն վերաբերում է ոչ միայն խոշտանգումներին, այլև մի ողջ շարք իրավիճակների, որոնք կարող են դասվել անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կարգը: