Սկանդալային «Ավաստինի» գաղտնիքը հայտնի է. ներարկված դեղամիջոցը եղել է ոչ մանրէազերծ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը փորձաքննել է երեք օգտագործված ներարկիչ, որոնցով «Ավաստին» են ներարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը սկանդալային «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննության նախնական արդյունքներն արդեն պարզել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Սկանդալային դեղը «Նատալի ֆարմից» չեն գնել. Արսեն Թորոսյանը հաստատեց տեղեկությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում սկանդալային իրավիճակ էր ստեղծվել. ըստ նախնական տեղեկության` «Ավաստին» դեղամիջոցը ներարկվել էր 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել էին գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել։

«Փորձաքննության են ենթարկվել երեք օգտագործված ներարկիչ, որոնցով «Ավաստին» են ներարկել։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հիվանդներին ներարկված դեղամիջոցը եղել է ոչ մանրէազերծ։ Սա նշանակում է` չեն պահպանվել ներարկման կանոնները, և եղել է երկրորդային աղտոտում»,–հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 279 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական օրենսգրքի նշված հոդվածը սահմանում է, որ «տուգանքով կամ ազատազրկմամբ է պատժվում նա, ով սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ է թողարկել կամ իրացրել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել, կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնել կամ օգտագործել է և եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը»։

Դեռ հաստատված չէ, որ սկանդալային դեղը «Նատալի ֆարմից» է գնվել. Մալայանն այլ բան է պնդում

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան հայտնել էր, որ 2016-ի սեպտեմբերին Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել, որ 11 պացիենտ տեսողության կորուստ ունի։ Նրանց բոլորին Avastin էին ներարկել։ Այդ ժամանակ դեղամիջոցն արտադրող Roche Holding ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ դեղը նախատեսված չէ ներակնային ներարկման համար։ Դեղը ժամանակավորապես հանվել էր շրջանառությունից, բայց արդեն 2016–ի դեկտեմբերին կրկին հայտնվել էր շուկայում, քանի որ փորձագիտական քննության հետևանքով դրա որակի հետ կապված որևէ խնդիր չէր հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կայքում նշված է, որ Avastin–ը Հայաստանում գրանցված է, և դրա ներմուծման թույլտվությունը տրված է մինչև 2020–ի մարտի 15–ը։ Այն կարելի է ձեռք բերել դեղատոմսով։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հերքել էր տարածված լուրերը, թե դեղամիջոցը «Նատալի ֆարմից» էր գնվել։