Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով առաջին նիստը կկայանա հունիսի 12-ին

ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է, որ վարչապետը հրապարակային ներողություն խնդրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր, ժամը 16։30-ին։

Խնդիրն այնքան բարդ է, որ ՍԴ–ն էլ է երկարաձգում Քոչարյանի գործն ուսումնասիրելը. Վարդևանյան

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջով։

2018 թվականի հոկտեմբերին գործը մակագրվել էր դատավոր Լիլիթ Սարգսյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ մեկնաբանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցը` նշելով, որ դա իր համար նորմալ երևույթ է։ «Վերջին 25 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինձ դատի են տալիս։ Աստված նրանց առողջություն տա ևս 25 տարի, որպեսզի նրանք կարողանան շարունակել դա», – ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։