ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում»,– նշված է Պուտինին ուղղված ուղերձում։
Փաշինյանը Պուտինին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ:
«Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընթացքում»,– նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը համոզված է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից: