Փաշինյանը բռնության կոչեր է անում. Մարինա Խաչատրյանը ոստիկանություն է դիմել

Մարինա Խաչատրյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը բռնության հանրային կոչեր է հնչեցրել, մասնավորապես` մարդկանց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik. «Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին Խաչատրյանը հայտնել է Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Գնում եմ  ոստիկանության Արաբկիրի բաժին ու Փաշինյանի դեմ դիմում ներկայացնեմ, քանի որ նա բռնության հանրային կոչեր է հնչեցրել, մասնավորապես`  մարդկանց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ»,–հայտնում է նա։

Խաչատրյանը Փաշինյանի հնչեցրած հանրային սպառնալիքը համարում է իրատեսական և կարծում է, որ այն ուղղված նաև իր անձի դեմ։

Հիշեցնենք` հունիսի 6-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ օպերատիվ տեղեկություններ ունեն, թե որոշ մարդիկ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել։

Վարչապետը հրահանգել էր իրավապահ համակարգի ղեկավարներին ուժեղացված հսկողություն սահմանել ու թավշյա վերաբերմունքը փոխարինել ավելի կոշտ մեթոդներով։

Ավելի ուշ հեռարձակած Facebook-ի ուղիղ եթերում Մարինա Խաչատրյանը ներկայացրել է, որ ոստիկանությունում իրեն նորմալ ընդունել են և հնարավորություն տվել դիմում ներկայացնել: