ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է արդարադատության նախարարի պաշտոնից ազատվելու մասին Արտակ Զեյնալյանի դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.ն` Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,–նշված է նախագահի հրամանագրի մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։
Մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։