Համահայկական խաղերի ջահը վառվեց հերոսական Մուսա լեռան գագաթին

Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ Կիլիկիայում էր: Մեկնարկի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա` հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ:
Sputnik

Աննա Վարդանյան, Լուսինե Մկրտչյան, Sputnik Արմենիա

Մուսա լեռան ստորոտում ծվարած Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Պոլսո Սուրբ Վարդանանց վանքի հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ  Թաթուլ Անուշյանի ձեռամբ պատարագ մատուցվեց` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի  ջահը վառելու պատիվը վերապահվեց խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին: Այսպիսով, Համահայկական 7–րդ ամառային խաղերի մեկնարկը տրված է։

Համահայկական խաղերի ջահը վառվեց հերոսական Մուսա լեռան գագաթին

Վագըֆ գյուղը այն վեց հայկական վիլայեթներից է, որի բնակչությունը մեկ դար առաջ 40 օր հերոսական պայքար մղեց Մուսա լեռան գագաթին, մնաց պաշարման մեջ, բայց գտավ փրկության ուղին: Այսօր այս գյուղը միակ հայկական բնակատեղին է, որն ունի 110 հայ ընտանիք: Տեղացիները պատմում են, որ ոչ մի գնով գյուղի տներն ու հողերը չեն վաճառում այլազգիներին : Գյուղում սկզբունքային է նաև ամուսնության հարցը. երիտասարդները չեն ամուսնանում այլ ազգերի հետ, դա համարում են պատվի հարց:

Համահայկական խաղերի ջահը վառվեց հերոսական Մուսա լեռան գագաթին

Համահայկական խաղերի համազգային կոմիտեի( ՀԽՀԿ) փոխնախագահ Ռոլանդ Շառոյանն ասում է, որ ջահն այստեղ վառելու խորհրդանշական այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը, աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու միասնության միջոցով հայրենիքը պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

«Կյանքը ցույց է տվել, որ այն ինչ մենք կորցրել ենք, կորցրել պառակտվածության արդյունքում և հիմա ժամանակն է, որ վերագտնենք մեզ, լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին»,- ավելացնում է պատվիրակության անդամ,  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Համահայկական խաղերի պատվիրակությունը այցելել է նաև Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: