ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Խնդիրն այնքան բարդ է, որ նույնիսկ Սահմանադրական դատարանը ստիպված երկարաձգում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՍԴ–ն Քոչարյանի և մյուսների գործով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել է` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։
«ՍԴ ներկայացված դիմումը նախնական ուսումնասիրման և վարույթ ընդունելու համար 20 օր է նախատեսված։ Ստացվում է` խնդիրն այն աստիճանի բարդ է, որ ՍԴ–ն ստիպված է հավելյալ ժամկետ վերցնել դիմումն ուսումնասիրելու համար։ Մինչդեռ, այդ ողջ գործընթացում թե՛ իրավապահ մարմինները, թե՛ դատարանները սահմանադրականության որևէ խնդիր կարծես թե չէին նկատում»,–ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ եթե սահմանադրականության խնդիր չլիներ, ինչպես նշում էին որոշ մասնագետներ, ապա որոշում կայացնելու համար ՍԴ–ին 10 կամ 7 օրն էլ բավարար կլիներ։
Վարդևանյանի խոսքով` սա որոշակիորեն ներկայացնում է առկա իրավիճակը, այն է` գործ ունենք սահմանադրականության որոշակի խնդրի հետ, որն ուսումնասիրման համար նույնիսկ այս փուլում հավելյալ ժամկետ է պահանջվում։
«Այս ամենից կարելի է հետևություն անել, որ մինչև ՍԴ–ի որոշումը, որևէ դատավարական որոշում կայացվել չի կարող»,–ասաց նա։
Վարդևանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ քիչ է հանդիպում, որ ՍԴ–ն երկարաձգի նախնական ուսումնասիրման ժամկետը, ինչը, չնայած, նախատեսված է աշխատակարգով։
Հիշեցնենք, որ ՍԴ ներկայացված դիմումի ուսումնասիրության համար սահմանվել է ժամկետ մինչև 2019–ի հուլիսի 9-ը։
Մինչ այդ Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՍԴ` Քոչարյանի և մյուսների գործին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու։ Մեզ պատասխանել են, որ դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է ՍԴ աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներով։ Հայտնել էին նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը ՍԴ է մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին:
Մայիսի 20–ին Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել ՍԴ:
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։
Դատավարությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։