Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի

Այսօր միգրանտները հարկեր են վճարում, բայց կենսաթոշակ չեն ստանում։ Նոր համաձայնագիրը նախատեսված է վավերացնել մինչև տարեվերջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ռուսաստանը, համաձայն ԵԱՏՄ կենսաթոշակային ապահովման համաձայնագրի, որը ստորագրման է նախապատրաստվում, կսկսի կենսաթոշակ վճարել ԵԱՏՄ երկրներից ժամանած և պաշտոնական գրանցում ունեցող աշխատանքային միգրանտներին։ Այս մասին, հղում անելով աշխատանքի նախարարությանը, հայտնում են մի շարք ռուսական ԶԼՄ–ներ։

Նա հիվանդ չէր, երիտասարդ էր և ուժով լի. մահացել է «Ձայնը» շոուի մասնակիցը

ԵԱՏՄ երկրների միջև կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը ենթադրում  է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և վճարել է կենսաթոշակային հիմնադրամի հարկերը,  նրան թոշակ կվճարի նույնիսկ հայրենիք վերադառնալուց հետո։ Ինչպես տեղեկանում ենք ՌԴ աշխատանքի նախարարության նամակից, համաձայնագրի նախագիծը մտել է ԵՏՀ դեռ մարտին, իսկ մայիսի կեսերին ՌԴ աշխատանքի նախարարությունը կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի ուսումնասիրմանն է ուղարկել փաստաթղթերի համապատասխան փաթեթը՝ խնդրելով համաձայնեցնել դրանք «հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Այսօր այն միգրանտները, որոնք Ռուսաստանում աշխատում են օրինական և հարկեր են վճարում կենսաթոշակային հիմնադրամ, կենսաթոշակ չեն ստանում։

Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի 2019 թվականի աշնանը և միության բոլոր երկրների կողմից կվավերացվի մինչև տարեվերջ։

ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը։