Ռուսական ռազմակայանը հետևում է. Անդրեյ Գրիշչուկը` Նախիջևանի զորավարժության մասին

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը հետևում է ադրբեջանա–թուրքական զորավարժությանը, քանի որ գտնվում է առաջնային գոտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ռուսաստանը ուշիուշով հետևում է Նախիջևանում անցկացվող թուրք–ադրբեջանական զորավարժությանը, որը որևէ վտանգ չի ներկայացնում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկը։

ՀՀ ԶՈւ–ն Ռուսաստանի հետ իրականացնում է ավելի մասշտաբային զորավարժություններ. Հովհաննիսյան

Զորավարժությունը, որն անցկացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում, մեկնարկել է հունիսի 7-ին և կտևի մինչև ամսի 11–ը։ Ներգրավված են մոտ 5 հազար զինծառայող, ավելի քան 200 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 180 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և նռնականետներ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր և ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի տարբեր նմուշներ։

«Ներկա պահին ոչ մի վտանգ (զորավարժությունը – խմբ.) չի ներկայացնում։ Պլանային զորավարժություններ են, անցնում են հայտարարված նպատակներին և խնդիրներին համապատասխան», – նշեց Գրիշչուկը։

Նրա խոսքով` ռուսական կողմը հետևում է այդ զորավարժությանը, Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը նույնպես հետևում է։

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է 102-րդ ռազմակայանը, այն մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում: 2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով: