Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին

Հայաստանում Իտալիայի դեսպանը խոստովանել է, որ Գյումրին իր երկրորդ նստավայրն է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովի պատվիրակությունը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, հունիսի 11-ին Գյումրիում են։

Գյումրի ժամանած հյուրերին ողջունեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Ուրախ ենք, որ ֆորումի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է Գյումրիում: Ուրախ եմ այն մեծ հնարավորության համար, որ այսօր մենք ունենք աշխարհում հայտնի իտալական շատ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անմիջական աշխատանքային հանդիպում ունենալ ու անցկացնել տարբեր քննարկումներ»,-նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ներկաներին գյումրեցիների անունից ողջունեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` հույս հայտնելով, որ պաշտոնական հանդիպումից հետո նախատեսվող շրջայցի ընթացքում հյուրերը կծանոթանան քաղաքի ամբողջ ներուժին։

Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին

«Բարով եք եկել Գյումրի: Այսօր դուք հնարավորություն ունեք ծանոթանալու Գյումրու պոտենցիալին: Ցանկացած նախաձեռնություն ու ծրագիր, որը կիրականացվի Գյումրիում, կստանա մարզային ու քաղաքային կառույցների աջակցությունը»:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն չթաքցրեց իր վերաբերմունքը Գյումրու նկատմամբ։

«Հատուկ վերաբերմունք ունեմ Գյումրու նկատմամբ ու Գյումրին համարում եմ իմ երկրորդ նստավայրը Երևանից հետո: Սա այն քաղաքն է, որը շատ նման է իտալական քաղաքներին: Սա մի քաղաք է, որն ունի փառահեղ անցյալ և շատ բան է արել ու անում Հայաստանի համար: Գյումրին իր պատմության ընթացքում տեսել է մի շարք դժվարություններ, բայց այդ դժվարությունները չեն կարողացել խեղաթյուրել քաղաքի դեմքն ու դրական էներգիան: Այսօր այստեղ ենք լուրջ առաքելությամբ ու մեծ պատվիրակությամբ։ Հուսանք` այսօր քաղաքին ծանոթանալուց հետո շատերի համար կրկին Գյումրի վերադառնալու առիթ կլինի»,- նշեց դեսպանը:

Պաշտոնական հանդիպման ընթացքում առաջիկայում հնարավոր համագործակցության մասին խոսեցին նաև Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը, իտալական ANCE ասոցիացիայի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին

Օրվա ընթացքում պատվիրակության անդամները կունենան աշխատանքային տարբեր հանդիպումներ ու քննարկումներ և շրջայց Գյումրիով:

Հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առևտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաև ANCE (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) և GdP Գրուպի Simest-ը: