ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ժամեր առաջ հնչած կրակոցների հետևանքով սպանված 61-ամյա կինն ու 70-ամյա տղամարդը քույր և եղբայր են: Մեր տեղեկություններով` նրանք ապրում էին հարևանությամբ:
Այս անձանց սպանելու մեջ կասկածվում է կնոջ 63-ամյա ամուսինը:
Առատաշենում խոսում են, որ վերջինս հաճախ է ալկոհոլ օգտագործում և վիճում հարազատների հետ: Այսօր տեղի ունեցած վեճն էլ հանգուցալուծվել է սպանություններով: Կնոջը կրակելուց հետո տղամարդը կրակել է աներորդու ուղղությամբ: Հարևանները ձայների վրա շտապել են օգնության ու ահազանգել 1-03:
Կատարվածի մասին տեղեկացել է նաև Առատաշենում ապրող և արձակուրդում գտնվող ոստիկանը, որը Էջմիածնի բաժնի ծառայող է:
Նա տղամարդու ձեռքից խլել է հրացանը և պահել նրան մինչև բաժնից ոստիկանական ուժեր կգան:
Հրացանով զինված մարդը եղել է նյարդային վիճակում և թույլ չի տվել, որ հարևաններն օգնության հասնեն վիրավորներին՝ սպառնալով, որ կսպանի, եթե մոտենան:
Դեպքի այլ մանրամասները պարզում են իրավապահները: