Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը

Վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանի բանկերում ազգային արժույթի մասնաբաժինն աճել է 1-2 տոկոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik.Հայաստանում ազգային արժույթով ներդրումների և վարկերի մասնաբաժինն աստիճանաբար աճում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին

Հայաստանում ռեզիդենտների համար ազգային արժույթով արդեն տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը։ Այս մասին վկայում է 2019 թվականի մարտ ամսվա ԿԲ վիճակագրությունը։ Գրիգորյանի խոսքով` այս միտումը երկարաժամկետ է։

«Վերջին 6 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ դրամով և՛ վարկերը, և՛ ներդրումները աճում են`ամեն տարի 1-2 տոկոսով», – ավելացրեց Գրիգորյանը։

Նշենք, որ ԿԲ–ի տվյալներով 2019 թվականի մարտի վերջին, Հայաստանի բանկային համակարգում գործող վարկերը (այդ թվում լիզինգը, ֆակտորինգը և մյուս ֆինանսական պրոդուկտները) կազմել են 3 տրիլիոն 26 մլրդ դրամ։ Այս ընդհանուր պորտֆելից հայկական դրամին բաժին է ընկել շուրջ 47%–ը։