ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik.Հայաստանում վարկերի բոլոր տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքը։ Այսօր ԿԲ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը։
Հայաստանում գործող հիփոթեքային վարկերի ծավալը կազմում է մոտ 270 մլրդ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի (պորտֆելի) շուրջ 9%–ը։ Բայց ի տարբերություն բազմաթիվ այլ վարկատեսակների, քաղաքացիները հիփոթեքային վարկն ավելի շատ վերցնում են դրամով, ոչ թե արտարժույթով։
«Վերջին տարվա ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 28%–ով, եթե համեմատենք 2019 թվականի ապրիլը նախորդ տարվա ապրիլի հետ։ Իհարկե, ամենուր, որտեղ կա այսպիսի կտրուկ աճ, պետք է հետևել կայունությանը։ Սակայն այստեղ մտահոգվելու առիթ չկա», – ընդգծեց նա։
Այդ 270 մլրդ դրամից մոտ 100 միլիարդը բաժին է ընկնում երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանների ծրագրերին։ Գրիգորյանը չմոռացավ գովել պետական ծրագիրը։
«Նման հիփոթեքի դեպքում կանխավճարը, փոխառուի հուսալիության պայմանում, կարող է ընդամենը 7,5% կազմել։ Սա աննախադեպ է։ Աշխարհում քիչ տեղ կա, որտեղ կարելի է նման պայմաններ գտնել», – ընդգծեց Գրիգորյանը։
Պետական աջակցությունը (եկամտահարկի նվազեցում և վարկի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում) հաշվի առնելով` սպառողը կարող է այդ ծրագրերով հիփոթեք ստանալ ընդամենը 3-4% տոկոսադրույքով։
Մասնակցեք Sputnik Արմենիայի հարցմանը. ի՞նչ տոկոսադրույքով եք պատրաստ հիփոթեք վերցնել։