Ֆինանսների և գյուղատնտեսության նախկին նախարարներին մեղադրանք է առաջադրվել. «Հետք»

Ֆինանսների և գյուղատնտեսության նախկին նախարարների դեմ հարուցված քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրում է «Հետքը»։

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»

«Քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված էական վնասի փոխհատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը»,–գրում է կայքը։

Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը չի մեկնաբանում:

Նշենք, որ նախորդ տարի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել էր 9 քրեական գործ ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում մարզի տարբեր համայնքների հողօգտագործողներին պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ։