ՌԱԴԻՈ

Բոզոյան․ «Փաշինյանը գնալով նմանվում է Գորբաչովին»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունը պետք է ազդակ լինի իշխանության համար։ Նա վերջին ընտրության մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Բոզոյան․ «Փաշինյանը գնալով նմանվում է Գորբաչովին»

Երվանդ Բոզոյանի խոսքով` Աբովյանի քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշը զգալիորեն նվազել է, և եթե իշխանությունը հետևություններ չանի, ապա 6 ամիս անց ավելի վատ վիճակում կլինի։

Ըստ քաղաքագետի՝ ժողովուրդն անցած տարվա ապրիլ-մայիսին շատ ոգևորված էր և մտածում էր` նոր էջ է բացվում երկրի զարգացման համար, այդ պատճառով էլ վստահության քվեն տվեց Փաշինյանին։ Սակայն այս 1 տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ չեղան։

«Փաշինյանը գնալով նմանվում է Գորբաչովին, ինչպես նա էր Խորհրդային Միության վերջին տարիներին․ խոսքերը շատ էին, գեղեցիկ, բայց կոնկրետ գործեր չկային»,- ասում է Բոզոյանը։

Աբովյանի քաղաքապետի ընտրությունը պետք է ազդակ լինի իշխանության համար։ Փաշինյանի թիմը հավաքեց մոտ 40 տոկոս` նախկին խորհրդարանական ընտրությունների 70 տոկոսի փոխարեն։ Ըստ Բոզոյանի` եթե այսպես շարունակվի (իսկ գահավիժումն արագ է լինելու), այս թվերը կարող են զգալի պակասել։

Հիշեցնենք, որ ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, նախնական տվյալներով, մասնակցել են 32 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրությանը հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։