Ամոթ և իրականություն. օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով հոսող գետի տարածքը

Համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է` ինչպես են Հայաստան եկած զբոսաշրջիկներն աղբից ազատում Գառնու տաճարի հարակից տարածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Շվեյցարացի, շվեդ, հնդիկ զբոսաշրջիկները շաբաթօրյակ են կազմակերպել Գառնու հեթանոսական տաճարի մերձակայքում գտնվող գետի տարածքում։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է օգտատեր Maram Ava–ն։

«Իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու, տեսնելով աղբը, հավաքել են։ Շատ ազդվեցի, ամաչեցի ու շնորհակալություն հայտնեցի», – գրել է նա։

Օգտատերը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է` ինչպես են զբոսաշրջիկները հավաքում աղբը։ Ոմանք չեն դիմացել և գրել են. «Ո՜նց եմ ամաչում», «Իմ ֆրանսիացիք էլ Ակնալիճն էին մաքրում», «Մեր հրաշք երկիրն ավերում են անիմաստ խոզատեսակ բնակիչները»։