46 համարի երթուղայինի կարգազանց վարորդին հեռացրին աշխատանքից

Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Երևանի 46 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից»,–գրել է Կարապետյանը:

Նրա տեղեկացմամբ` ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում:

Երևանի տրանսպորտի բարեփոխման ծրագրով հետաքրքրված է «Русские Автобусы-Группа ГАЗ»–ը

ՀՀ ոստիկանությունումից էլ տեղեկացնում են, որ նշված վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 10–ին ուղևորուհին վարորդից պահանջել էր չծխել երթևեկության ժամանակ։ Վերջինս ոչ միայն մերժել էր, այլ նաև կոպտել աղջկան։ Աղջիկը նկարել էր կատարվածն ու դիմել համապատասխան մարմիններին։