ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` ժամը 15-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է մայրաքաղաքում ապրող 63-ամյա մի տղամարդ:
Նա ժամը 13-ի սահմանում էր շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները պարզել էին, որ նրա կողքին կտրած-ծակած վնասվածք կա, ամենայն հավանականությամբ՝ դանակով հասցված:
Տղամարդու կյանքի համար պայքարել էին, բայց ապարդյուն:
Նրա հետ հիվանդանոց էր տեղափոխվել նաև հարևանը՝ 24-ամյա մի երիտասարդ, որի որովայնին ևս ծակած-կտրած վնասվածք կա:
Նրանք հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 հասցեի մոտից, որտեղ վեճ է տեղի ունեցել, ինչն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ:
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք: