ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի Խաչեն գետում այսօր 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Հունիսի 10-ին ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողանալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին։ Դին տեղափոխել են «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:
Պատահարի մանրամասները ճշտվում են: