ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Անկարան Նախիջևանի զորավարժություններով պատասխանում է Սիրիայում Մոսկվայի և Իրանի ճնշմանը, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Մարտավարական նշանակության «Անխախտելի եղբայրություն 2019» թուրք-ադրբեջանական զորավարժություններն ընթանում են հունիսի 7-11-ը Նախիջևանում։ Միջազգային կազմակերպությունները զորավարժություններ անցկացնելու մասին նախնական ծանուցում չեն ստացել։
Շաքարյանցը չբացառեց, որ զորավարժություններից հետո թուրքական բանակի ստորաբաժանումներից մեկը կմնա Նախիջևանի տարածքում։
«Անիմաստ է հերքել զորավարժությունների կապի մյուս իրադարձությունների հետ։ Ռուսաստանը և Իրանը Թուրքիայի վրա ճնշում են գործադրում Սիրիայի հյուսիսում։ Գրեթե ակնհայտ է, որ մի քանի ամիսների ընթացքում Անկարան պետք է հեռանա Սիրիայից», – ասաց Շաքարյանցը։
Քաղաքագետի խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր Մոսկվային և Թեհրանին առաջարկել օգնել իրեն լուծել «քրդական հարցը»` փոխարենը խոստանալով հանձնել այն սիրիական տարածքների վրա հսկողությունը, որոնք առայժմ գտնվում են Անկարայի տնօրինության տակ։
Շաքարյանցը կարծում է, որ հիմա Թուրքիան ամեն կերպ փորձում է ինչ–որ արգելքներ կամ անհարմարություններ ստեղծել այդ երկրների համար։ Հենց այդ պատճառով զորավարժություններ է անցկացում Նախիջևանում։
Ադրբեջանի զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում. Մնացականյան
Այս պայմաններում 2017թ–ին Մեղրիում անցկացված սահմանապահների հայ–ռուսական զորավարժությունները, որոնք սցենար են մշակել, որը ենթադրել է Նախիջևանի տարածքից անօրինական ներթափանցում, բոլորովին այլ նշանակություն են ստանում։
Քաղաքագետն առաջարկում է ի պատասխան թուրք–ադրբեջանական զորավարժությունների Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժություններ անցկացնել Նախիջևանի երկու կողմերում, սակայն, Շաքարյանցի կարծիքով, հազիվ թե կառավարությունը գնա նման քայլի։
Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել պայմանավորվել Իդլիբում ստեղծված իրավիճակի հարցում, և սիրիական զորքերը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ մայիսի վերջին շարունակել են նահանգը գրոհայիններից ազատագրելու գործողությունը։