Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» շարժման մասնակցին

Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել բռնություն կիրառելու մասին հրապարակային սպառնալիքի համար։ Հիմա այդ փաստով նյութեր են պատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Ադեկվադ» շարժման անդամ Արթուր Դանիելյանին։ Այս մասին նշված է շարժման ֆեյսբուքյան էջում։

Տեղեկատվության համաձայն` շուրջ մեկ ժամ առաջ 6 ոստիկան ներխուժել են Ամիրյան 22 հասցեում գտնվող ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի գրասենյակ, ձեռնաշղթայել Արթուր Դանիելյանին և բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարմնական ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքի մեղադրանքով։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկությունը հաստատեցին` նշելով, որ Դանիելյանը բերման է ենթարկվել բռնության դիմելու հրապարակային սպառնալիքների համար։ Ներկա պահին այդ փաստով պատրաստվում են նյութեր։

Բերման ենթարկելուց կարճ ժամանակ անց ԱԴԵԿՎԱԴ–ի անդամ Արթուր Դանիելյանին  ազատ արջակեցին։ Նա լրագրողներին հայտնեց, որ իրեն մեղադրում են, որ սպառնացել է ծանր մարմնական վնասվածք հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 8–ին ոստիկանություն էին տեղափոխվել նախաձեռնության 11 անդամ` խուլիգանության մեղադրանքով։

«Ադեկվադ» նախաձեռնությունը, որն անընդհատ քննադատում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, վերջերս հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մասին։