ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասությունների պատճառը թաքնված է հակամարտության լուծման մոտեցումներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև իր` իշխանության գալը Արցախի ղեկավարությունը պատկերացում չուներ, ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, և ծանոթ չէր հակամարտության կարգավորման փաստաթղթերին։ ՀՀ վարչապետի վստահեցմամբ, հենց նա էր փոխանցել Արցախի իշխանություններին փաստաթղթերի բանակցային փաթեթը։
Հակոբյանի խոսքով` Փաշինյանի հայտարարության մեջ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ նա Ստեփանակերտին ներկայացրեց իր հայեցակարգը, արցախյան հակամարտության լուծման իր տեսլականը, այլ ոչ թե նրան, ինչի շուրջ հանրության շրջանում աղմուկ բարձրացավ։ Սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը, Արցախի էլիտան այդքան էլ համաձայն չեն նրա մոտեցումների հետ։
«Ցույց է տվել Փաշինյանը բանակցային փաթեթը, թե՝ ոչ, դա տեխնիկական հարց է։ Թեև ընդհանուր առմամբ Երևանի և Ստեփանակերտի` կարգավորման հետ կապված թեզիսները համընկնում են, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է հանրորեն, բայց որոշակի հակասություններ էլ կան։ Կարելի է ենթադրել, որ դրանք թաքնված են ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորման ծրագրերի (Մադրիդյան սկզբունքներ) դետալներում», – ասաց Հակոբյանը։
Մասնավորապես, չի բացառվում, որ հակասությունները գործողությունների ժամանակագրության, ներկայացված սկզբունքների մեջ են, որոնք քաղտեխնոլոգի կարծիքով, այդքան էլ չեն բխում հայկական կողմի շահերից։
Այդ դեպքում հասկանալի են Արցախի ռազմաքաղաքական էլիտայի (կամ նրա մի մասի) և Հայաստանի իշխանությունների տարաձայնությունները։
«Կարգավորման հայեցակարգի շուրջ նման հակասության հնարավորությունը ավելի շատ է մտահոգում, քան եթե ամեն ինչ սահմանափակվեր Երևանի և Ստեփանակերտի իշխանական թիմերի լարվածությամբ», – ասաց Հակոբյանը` նշելով հանրության մեջ առկա վստահությունն առ այն, որ խնդիրը բացառապես երկրորդ կետն է։
Քաղտեխնոլոգը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Բակո Սահակյանը բավականին զուսպ քաղաքական գործիչ է։ Այնուամենայնիվ, նրա արագ, թեև զգույշ արձագանքը, խոսում է այն մասին, որ նա ցանկանում էր կանխել լարվածության հետագա ընթացքը, խուսափել անհիմն ենթադրություններից և բամբասանքներից։
«Սահակյանի ամենակարևոր մեսիջը. եթե կան հարցեր, որոնք քննարկել է պետք, ապա ավելի լավ է խոսել ԶԼՄ–ների միջոցով առանց դժգոհությունների։ Սա կարևոր մեսիջ է, որը պետք է ընդունեն Երևանում», – նշեց Հակոբյանը։
Նա կարծում է, որ առաջիկայում Ստեփանակերտից նոր` այդ թվում հրապարակային մեսիջներ կլինեն։
Հակոբյանը հարցը համազգային է անվանում, ստեղծված իրավիճակն էլ հղի է բացասական հետևանքներով։ Նման կոնֆիգուրացիա ստեղծվել էր միայն Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներում, երբ նա ճնշման օգնությամբ հասավ իշխանափոխության (Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության գալուն) Արցախում։
«Պատմությունն իր պարադոքսներն ունի և ճակատագրի հեգնանքը», – նշեց քաղտեխնոլոգը։
Այժմ, նրա կարծիքով, կարևոր է, որպեսզի գործընթացը չձգձգվի և կողմերը կարողանան ընդհանուր լեզու գտնել սեղմ ժամկետներում։
Երևանի և Ստեփանակերտի միջև միջնորդի դեր, ըստ Հակոբյանի, կարող են խաղալ, օրինակ, հոգևոր առաջնորդները։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Փաշինյանը Արցախի ղեկավարության վրա ճնշում գործադրելով փորձում է մաքրել ճանապարհը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի համար` ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում, ապա եթե դա իսկապես այդպես է, տեղի բնակչության մի մասի մոտ դա հակառակ արձագանքը կառաջացնի, համոզված է Հակոբյանը։
«Հասկանալի է, որ Արցախում նույնպես նախընտրական տրամադրություններ են, հայտարարություններ են հնչում, որոնք, առնվազն կոռեկտ չեն։ Դա պետք է կանխել», – նշեց Հակոբյանը։
Երկխոսությունը պետք է վարել փոխադարձ հարգանքի հիման վրա` հաշվի առնելով ռազմական վտանգն Արցախում։ Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բոլորին, բացի Երևանից և Ստեփանակերտից, իսկ առաջացած ճեղքերը փորձում են լցնել արտաքին ուժերը։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է բանակցությունների սեղան Արցախի վերադարձի անհրաժեշտությունը, քանի որ Երևանը հաշվի առնելով ակնհայտ տարաձայնությունները, չի կարող ներկայացնել Ստեփանակերտը՝ բոլոր հարցերով և մանրամասներով։
«Միջազգային հանրության, հարցի լուծման մեջ շահագրգիռ ուժերի համար ներկայիս իրավիճակը ևս մեկ ապացույց է, որ նույնիսկ արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակներից մեկին Հայաստանի հիպոթետիկ համաձայնությունը չի երաշխավորում Ստեփանակերտի կողմից հավանություն և հետագա իրականացում», – ասաց Հակոբյանը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում Բակո Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները նախկինում ևս Արցախի ղեկավարությանը տեղյակ էին պահում կարգավորման գործընթացի բոլոր նոր զարգացումների վերաբերյալ` ինչպես Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ, այնպես էլ հետո տեղեկացրել են քննարկված հարցերի մասին։