ՌԴ–ում ևս 1 հայ է կալանավորվել. ՔԿ–ն դիմել է ծեծկռտուքի 9–րդ մասնակցին կալանավորելու համար

Հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության փաստով կան ձերբակալվածներ։ Արդեն 8-ը կալանավորված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Կրասնոգորսկի դատարանը երկու ամսով կալանավորել է Համլետ Հայրապետյանին։ Կասկածներ կան, որ նա ևս մասնակցել է այն ծեծկռտուքին, որի հետևանքով մահացել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հայրապետյանը ծեծկռտուքի 8–րդ ենթադրյալ մասնակիցն է։

Քննիչները նաև ձերբակալել են զանգվածային ծեծկռտուքի 9–րդ մասնակցին։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքով փոխելու համար։

Քրեական գործի մեջ ներքաշված են Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուսաստանի քաղաքացիներ Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը և Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը, որոնց խուլիգանություն են վերագրում, բայց նրանք մեղքը չեն ընդունում։

Նիկիտա Բելյանկինի սպանության գործով ևս 3 հոգու են ձերբակալել. հայտնի չէ` հայեր են, թե ոչ

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «Բիր Հաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։