Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց գազի գնի մասին

Մհեր Գրիգորյանի խոսքով` ԵԱՏՄ-ն այլևս ոչ միայն ոլորտային քաղաքականություն պետք է լինի, այլ երկրի քաղաքականություն, որի մեջ արտացոլված լինի մեր վերաբերմունքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Գազի գնի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կարևոր է, որ գնագոյացման մեխանիզմները՝ լոգիստիկայի և էներգետիկայի, լինեն միասնական այլ ոչ թե բարձր ու ցածր, որովհետև միասնականությունն է մրցակցության երաշխիքը: Մի տարի կարող է մեզ համար գազի գինը էժան լինել, մյուս տարի թանկ, դա կլինի լրջագույն սթրես տնտեսության և սպառողի համար: Բայց եթե գիտենք, որ երեք տարի տարածաշրջանում գները այս կամ այն են, բիզնեսն ավելի հաստատակամ կլինի, կիմանան ինչ մոդել մշակել ու ներդրում իրականացնել»,-ասաց Գրիգորյանը։

Հայտնի է` երբ Հայաստանի համար կհստակեցվի ռուսական գազի գինը

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հույս ունի, որ Երևանն ու Մոսկվան գազի գնի հարցում լեզու կգտնեն։

Խոսելով ԵԱՏՄ-ում ՀՀ–ի առավելությունների մասին` Մհեր Գրիգորյանը նկատեց, որ իր գնահատմամբ ՀՀ-ն ունի մեկ շատ լուրջ մրցակցային առավելություն։ «Դա մեր մոբիլությունն է։ Մենք բազմիցս խոսեցինք ստանդարտացման, ռեկլամենտների սինխրոնիզացման, պարզեցման և միասնականացման, նաև թվային օրակարգի մասին, որը կարևոր հարց է, բայց խնդիրն այն է, որ մենք որպես երկիր շատ ավելի մեծ հնարավորություն ունենք ԵԱՏՄ դաշտում գործող մասնավորի համար առավել արագ կոմֆորտ ապահովել, քան մնացած երկրները, քանի որ մեր մոբիլիության աստիճանը կամ ավելի բարձր»,-եզրափակեց փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանի խոսքով` ԵԱՏՄ-ն այլևս ոչ միայն ոլորտային քաղաքականություն պետք է լինի, այլ երկրի քաղաքականություն, որի մեջ արտացոլված լինի մեր վերաբերմունքը: