Պատկերացնո՞ւմ եք, որ ես մասնակցեի, ինչ կլիներ. Ծառուկյանը` քաղաքապետի ընտրության մասին

Գագիկ Ծառուկյանն Աբովյանում քաղաքապետի ընտրության մասին խոսելիս նախընտրեց մեջբերել ՀՀ վարչապետի գնահատականը, ոչ թե Կոտայքի մարզպետի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Աբովյանում հաղթել է աբովյանցին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունիսի 9–ին Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրությանը գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի հաղթանակին։

Էյֆորիան անցել է, գործերն են հետաքրքրում. քաղտեխնոլոգը` Աբովյանի ընտրությունների մասին

«Հաղթել է աբովյանցին, ուրիշ բան չունեմ ասելու»,– ասաց նա:

Հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ԲՀԿ-ն նախ հայտարարում էր, թե չի աջակցում Վահագն Գևորգյանին, սակայն ընտրությունների օրը բոլոր ԲՀԿ-ականները Գևորգյանի շտաբում էին, Ծառուկյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ է դա նշանակում` Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես մասնակցեի, ինչ կլիներ»:

Երբ լրագրողներին հարցրին` այդ ժամանակ ավելի՞ շատ ձայն կհավաքեր Գևորգյանը, Ծառուկյանը ծիծաղեց։

«Դուք դրանում կասկածո՞ւմ եք, չհասկացա: Քաղաքապետը աշխատող, իր գործն ապացուցած էր, ու կարիքը չկար, որ քարոզարշավին ես մասնակցեի»,–ասաց նա։

Պետք չէ այսօրվա իրողությունը հին արշինով չափել. Փաշինյանը` իրենց թեկնածուի պարտվելու մասին

Մեկ այլ հարցի, թե Կոտայքի մարզպետն Աբովյանի ընտրությունների մասին խոսելիս ասել է, որ հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չի հասել` Ծառուկյանն անկեղծորեն զարմացավ։

«Իսկ վարչապետի ասածը խի ՞չեք ասում, որ մարզպետի ասածն եք մեջբերում: Վարչապետն ասաց` հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, նախնական տվյալներով, մասնակցել են 32 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։