Ի՞նչ վիճակում են նռնակի պայթյունից տուժած 44–ամյա կինը, հղի հարսն ու 1 տարեկան երեխան

Նորամարգի տներից մեկում նռնակի պայթյունի հետևանքով 4 հոգու տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Նորամարգի տներից մեկում մայիսի 30-ին հնչած պայթյունի հետևանքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված հղի կինն ու 1 տարեկան երեխան արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 30–ին Նորամարգի տներից մեկում նռնակ էր պայթել, ինչի հետևանքով 4 մարդու տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Այժմ հիվանդանոցում բուժում է ստանում միայն 44–ամյա կինը, որը սրտի շրջանում էր վնասվածք ստացել ու վիրահատվել։ Նա գիտակցության է եկել, ինքնուրույն է շնչում։ Կինը վերակենդանացման բաժանմունքում է։ Հղի կինն ու մեկ տարեկան երեխան արդեն դուրս են գրվել, իսկ 44-ամյա կնոջ ամուսինը, ցավոք, մահացել էր»,–ասաց Մանուկյանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ մայիսի 30–ին ժամը 15:00-ի սահմանում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ.(60 տարեկան), Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր նախկին կնոջ և նրա ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել էր նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել էին հղի հարսը և 1 տարեկան երեխան։

Ինչպես է Օսիպյանը համոզում, որ սպանության համար մեղադրվող տղամարդը հանձնվի. տեսանյութ

Ոստիկանները հայտնաբերել են նախկին կնոջ ամուսնու սպանության մեջ մեղադրվող` Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանին։ Նա հայտնաբերվել էր Կոտայքի մարզի Ալափարս գյուղում` ազգականներից մեկի չբնակեցված տանը։ Նշված հասցե մեկնած ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Գևորգյանին, բայց քանի որ չէր բացառվում, որ նա կարող է զինված լինել, ոստիկանությունը ձեռնպահ է մնացել կտրուկ գործողություններից։

Ոստիկանները փորձել էին բանակցել տղամարդու հետ։ Նրա հետ հեռախոսազրույց էր ունեցել անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հանձնվել էր և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ: