Բժշկական համալսարանում խնդիրներ են արձանագրվել.ՊՎԾ–ի հայտարարությանը պատասխանել են ԵՊԲՀ–ից

ՊՎԾ–ի տարածած հայտարարությանը պատասխանել է ԵՊԲՀ–ը`ՊՎԾ–ին մեղադրելով շտապողականության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

«Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առնչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։

Ոստիկանապետի որակումները զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային. ՊՎԾ

Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. Դրամ»,–ասված է հայտարարության մեջ։

Տեղեկացվում է  նաև, որ կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

ՊՎԾ հայտարարությանը պատասխանել են ԵՊԲՀ–ից` նշելով, որ արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերվում են 2015-2016 թվականներին

«Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ և տեղին հայտարարություններ անելը մինչև վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը»,–ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ:

Ովքե՞ր են ՊՎԾ–ի ձերբակալված աշխատակիցները. պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

Տեղեկացվում է նաև, որ ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռևս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված և օրենքի տառին համապատասխան: «Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական և թե կազմակերպչական, միգուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ կամ ՊՎԾ-ն աշխատաքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապատասխան պատասխանին:

Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական և պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ և ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս և հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար»,–ասված է հայտարարության մեջ: Վերջում համալսարանից շնորհակալություն են հայտնում ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար և հույս հայտնում, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ և օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը: